Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Տիգրան Աբրահամյան․ Շաքիի միջադեպը բացահայտեց անվտանգային համակարգի իրական վիճակը

02.10.2026 14:11
Տիգրան Աբրահամյան․ Շաքիի միջադեպը բացահայտեց անվտանգային համակարգի իրական վիճակը

Ադրբեջանցի զինծառայողի կողմից Հայաստանի սահմանն ապօրինի հատելը, հայկական բնակավայրերում հայտնվելն ու քաղաքացիական անձանց վնաս պատճառելը բավարար են ՀՀ ներքին և արտաքին անվտանգության, դրա ինստիտուտների իրական վիճակի մասին եզրակացություն կազմելու համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, անվտանգային հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը։

Փորձագետի գնահատմամբ՝ ամենօրյա ռեժիմով էժան քարոզչության վերածված «բունկերները», «ամրոցները», էշելոնացված տեսադիտարկման համակարգերն ու սահմանագծին տարբեր գովազդված ծրագրերով ներգրավված անձնակազմը չեն կարողացել ֆիքսել ադրբեջանցու սահմանին հայտնվելը, այն հատելը և թիկունքում «վոյաժների» կազմակերպումը։

Տիգրան Աբրահամյանը նաև ընդգծել է, որ Բաքվից փոխանցված տեղեկատվության պայմաններում ադրբեջանցի զինծառայողի ֆիքսումը տեղի է ունեցել ոչ թե հատուկ օպերացիայի կամ գործողությունների կազմակերպման, այլ քաղաքացիական անձի ու նրա անչափահաս երեխաների հետ միջադեպի հետևանքով։ Նրա համոզմամբ՝ սա է միլիարդավոր գումարների մսխման և ուժային համակարգը ներքաղաքական հարցերում կենտրոնացնելու դառը հետևանքը։


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է