Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Տիգրան Ավինյանը վաղաժամ նախընտրական PR է սկսել․ ՔՊ-ում քաղաքապետացուների «քաստինգ» է

31.10.2026 12:15
Տիգրան Ավինյանը վաղաժամ նախընտրական PR է սկսել․ ՔՊ-ում քաղաքապետացուների «քաստինգ» է

«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, հերթական ընտրություններից դեռ երկու տարի առաջ, արդեն ակտիվ նախընտրական գործընթացների մեջ է։ Նա համատիրություններում յուրայիններին է նշանակում՝ ազատվելով հակաիշխանական կադրերից, ինչպես նաև PR տեսանյութեր նկարահանում։ Օրերս Ավինյանը ԵԱՍՄ հագուստով անձամբ աղբ է հավաքել մայրաքաղաքում, ինչի ընթացքում միջադեպ է գրանցվել․ քաղաքացիներից մեկը մոտեցել է նրան, տեսանյութ նկարահանել և հիշեցրել, որ «Ստեփանակերտն էր ամենամաքուր քաղաքը, որը հանձնեցին», և հորդորել շոու չանել։

Պարբերականի փոխանցմամբ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերնախավն արդեն սկսել է քաղաքապետի հավանական թեկնածուների «քաստինգը»՝ մինչև 2028 թվականը նոր թեկնածուի համար դրական իմիջ կերտելու նպատակով։ ՔՊ-ում կատակում են, որ Ավինյանը պատրաստ է անգամ «կոյուղի մաքրել», միայն թե պահպանի իր պաշտոնը։

Թերթը հիշեցնում է, որ քաղաքապետի պաշտոնին է հավակնում նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ինչն էլ ավելի է դրդում Ավինյանին արտասովոր ակտիվություն դրսևորել։ Այնուամենայնիվ, ՔՊ շրջանակներում վստահ են, որ Ալեն Սիմոնյանի «գնացքն արդեն գնացել է»։


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է