«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ ՏԻՄ ընտրություններով համայնքներն ուզուրպացնող իշխանությունն առաջիկայում երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում՝ Աբովյան համայնքում, որտեղ գործող համայնքապետը Գագիկ Ծառուկյանի նախկին թիկնապահն է՝ Էդուարդ Բաբայանը, և Կապանում, որտեղ «Շանթ դաշինքով» առաջադրվել է Գևորգ Փարսյանը։
Ըստ թերթի՝ եթե Կապանում ՔՊ-ն «բլիժնի բոյ» է մտնելու Գևորգ Փարսյանի հետ, և այլ արբանյակ ուժեր չկան, ապա Աբովյանում ունեն մի քանի «գրուպպա պադդերժկի»։ Ընտրությանը մասնակցելու համար Աբովյանում առաջադրվել է 4 ուժ՝ իշխող ՔՊ-ն, Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար» կուսակցության ցուցակով, Արթուր Հարությունյանը՝ Պալաչը՝ ՔԺԿ-ի (Լևոն Շիրինյանի կուսակցության) ցուցակով, և Դավիթ Սանասարյանի «Ինքնիշխան Հայաստանը», որի թեկնածուն Ռուբեն Բանուչյանն է՝ ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանի ամուսնու եղբայրը։
Միևնույն ժամանակ, Պալաչին անձնագրային ծառայությունը տեղեկանք չի տվել, քանի որ Հայաստանում գտնվելու ցենզին չի բավարարել: Օրենքով հատկացվում է 48 ժամ թերություններն ու անճշտությունները վերացնելու և 5-օրյա ժամկետ՝ գրանցման համար: Թերթի գնահատմամբ՝ եթե վարչական դատարանը մերժի Հարությունյանի պահանջը և ընտրություններին մասնակցության տեղեկանք չհատկացնի, ապա ՔՊ-ի հույսը կմնա Բանուչյանը, սակայն անգամ այս պարագայում Բաբայանին հաղթելը հեշտ չի լինելու: