ԱՄՆ նախագահը, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի մեծ հետաքրքրվածություն ունի խաղաղ համաձայնագրի կնքման հարցում, քան Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Հարցին, թե ինչում է տեսնում Պուտինի պատրաստակամությունը զիջումների գնալու, երբ հարձակումները շարունակվում են, Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ կողմերը ի վերջո կհամաձայնվեն, իսկ համաձայնության գնալու համար համոզելու կարիք ունի հենց Զելենսկին։
Անդրադառնալով էներգետիկ հրադադարի խախտմանը՝ ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է ուսումնասիրել իրավիճակը, քանի որ խախտումներ եղել են երկու կողմից էլ։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Վարշավայի անվտանգության ֆորումում ունեցած ելույթում կոչ է արել Վաշինգտոնին ազդեցություն գործադրել Մոսկվայի վրա՝ էներգետիկ ոլորտում հրադադարը պահպանելու համար։ Նա նաև հայտնել է, որ ուկրաինական կողմը զարմացած էր էներգետիկ հարվածների անհապաղ դադարեցման մասին սոցցանցերում հայտնված հայտարարություններից, որոնց հաջորդել էր ռուսական զինուժի հարվածը Խարկովի ՋԷԿ-ին։