ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային անհրաժեշտ է նոր ղեկավար, որն ընդունակ կլինի բանակցել, և Վլադիմիր Զելենսկիին մեղադրել է ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածներ հասցնելու պատճառով ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գների աճ առաջացնելու մեջ։
«Ես առաջարկում եմ նրանց ընտրել նոր առաջնորդ, ով ունակ է համաձայնության գալ, որովհետև նա կարող էր բազմաթիվ գործարքներ կնքել, բայց ինչ-որ պատճառով երբեք դա չի անում»,- Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահի այս հայտարարությունը ողջունել է Կրեմլի տնտեսական համագործակցության հարցերով հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևը՝ այն անվանելով «պատմական» և նշելով, որ Թրամփը միանում է նրանց, ովքեր համարում են, որ Ուկրաինային անհրաժեշտ է ռազմատենչ քաղաքականությունից զերծ ղեկավարություն։
Թրամփի հայտարարությունը հաջորդել է Վաշինգտոնի և Մոսկվայի միջև ռուսական դիզելային վառելիքի գնման վերաբերյալ կնքված համաձայնագրի շուրջ ծագած սկանդալին։ Թրամփի խոսքով՝ Ռուսաստանն անմիջապես ամերիկյան և համաշխարհային շուկա կմատակարարի ավելի քան 300,000 տոննա դիզելային վառելիք, իսկ ևս 500,000 տոննա՝ նոյեմբերին։
Վլադիմիր Զելենսկին խստորեն քննադատել է այս համաձայնագիրը՝ այն անվանելով «նվեր Պուտինին» և ընդգծելով, որ ռուսական նավթամթերքի վաճառքի թույլտվությունը ներդրում է պատերազմի մեջ։ Financial Times-ի փոխանցմամբ՝ հենց այս գործարքի պատճառով է ուկրաինական պատվիրակությունը չեղարկել Մայամիում նախատեսված բանակցությունները։
ԱՄՆ-ում դիզելի գների ռեկորդային աճը սկսվել էր փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ հարվածներից հետո, ինչը համաշխարհային էներգետիկ ճգնաժամի պատճառ էր դարձել։ Այդուհանդերձ, Թրամփը դիզելի դեֆիցիտի համար մեղադրում է Զելենսկիին, ով չի ենթարկվել ռուսական ՆՎԳ-ներին հարվածելուց հրաժարվելու Վաշինգտոնի պահանջներին։ Ըստ Axios-ի՝ հենց Կիևի այս մերժումն էլ Թրամփին դրդել է դիզելի շուրջ գործարքի գնալ Պուտինի հետ։