Շրջակա միջավայրի նախարարությունը սկսել է հետհաշվարկը։ COP17-ի հյուրընկալմանը մնացել է 38 օր։ Մինչ Հայաստանը պատրաստվում է կենսաբազմազանության խոշորագույն համաժողովներից մեկին, երկրի կենսաբազմազանության համար կարևոր «Էմերալդ» ցանցի ձևավորման գործընթացը դեռ ավարտված չէ, չնայած սկսվել է 2009-ից։ Ի՞նչու փոփոխվեցին նախնական առաջարկված 23 տարածքները, ի՞նչ կապ ունի Ամուլսարի ոսկու հանքը, և ինչո՞ւ է այժմ ուսումնասիրվում 30 տարածք՝ ավելի փոքր մակերեսով։
Հայաստանը 2006-ի մարտի 13-ին ստորագրել է Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրերի պահպանության մասին Բեռնի կոնվենցիան։ Այն ընդունվել է 1979-ի սեպտեմբերի 19-ին Բեռնում։ 1989-ի հունիսի 9-ին մշտական հանձնաժողովը Կոնվենցիային միացած պետություններին առաջարկեց առանձնացնել հատուկ պահպանության կարիք ունեցող տարածքները։ Մոտ յոթ տարի անց՝ 1996-ի հունվարի 26-ին, հանձնաժողովը որոշեց ստեղծել «Էմերալդ» ցանցը՝ այդ տարածքները ներառելու համար։