«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող դատական գործընթացին՝ շեշտելով, որ անմեղ մարդը պետք է լինի ազատության մեջ։
Աբովյանի խոսքով՝ Ծառուկյանն այս գործում ոչ թե մեղադրյալ է, այլ տուժող կողմ, իսկ մեղադրյալի աթոռին պետք է հայտնվեն բոլոր նրանք, ովքեր սուտ ցուցմունքներ են տվել և ահաբեկման ազդեցության ներքո գործողություններ կատարել։
«Ակնկալում եմ, որ վերջապես Հայաստանի Հանրապետությունում դատական համակարգը կգործի Սահմանադրությանը և Քրեական օրենսգրքին համապատասխան»,- նշել է քաղաքական գործիչը՝ պնդելով, որ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործընթացներն ունեն ակնհայտ քաղաքական բնույթ, որի պատվերը նախընտրական փուլում հնչեցվել է անմիջապես հանրային հարթակներից։
Արման Աբովյանն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում ստիպված են «առավոտից երեկո ապացուցել, որ երկու գումարած մեկը երեք է, մատիտը սպիտակ է, իսկ Ծառուկյանն անմեղ է»։ Ինչ վերաբերում է գործի՝ Ծառուկյանի ընտանիքի հետ հնարավոր առնչությանը, նա հայտնել է, որ իրեն հայտնի տեղեկություններով նման կապ չկա, սակայն հարցին առավել մանրամասն կարող են պատասխանել գործի նյութերին տիրապետող փաստաբանները։