Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ»

10.11.2026 10:45
Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է, որ վեց տարի առաջ ստորագրվեց հայտնի եռակողմ հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին, որը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևն արեցին ուղիղ տեսակապի միջոցով, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը, թեև ստորագրեց, բայց էկրաններին չերևաց։

Թերթը վերլուծում է, թե ինչ իրողություն ունենք այսօր՝ վեց տարի անց։ Առկա է վերոհիշյալ հրադադարի եռակողմ հայտարարության բովանդակային զրոյացում՝ չնայած կողմերից ոչ մեկն այն պաշտոնապես չեղյալ չի հայտարարել։ Վեց տարի շարունակ երկիրը կառավարում է մի ուժ, որը երկրին ու ժողովրդին բերել է ծանր պարտություն, մարդկային ու տարածքային ահավոր կորուստներ․ իշխանության է մնում խայտառակ պարտության թիվ 1 պատասխանատուն։ Հրադադարից հետո տեղի է ունեցել Արցախի պաշտոնական ուրացում, այն ադրբեջանական տարածք ճանաչել, ինչի ուղիղ հետևանքով եղել է Արցախի ամբողջական հայաթափում և հազարավոր անտուն մնացած արցախցիների առկայություն։ Բացի այդ, Բաքվի բանտերում խոշտանգվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։

Միաժամանակ առկա են կորուստներ բուն ՀՀ տարածքից, չդադարող սնամեջ խոսակցություններ «խաղաղություն խնամելու» մասին, ինչպես նաև թշնամու կողմից անընդհատ լրացվող պահանջներ ու հայկական կողմի զիջելու պատրաստակամություն։ Ադրբեջանի պահանջով տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման համատեղ դիմում ու դրա կատարում, իսկ երկրում առկա են հանիրավի կալանավորված ընդդիմադիր լիդերներ ու բազմաթիվ քաղբանտարկյալներ։ Փոխարենը չունենք «խաղաղության պայմանագիր», խաղաղության որևէ երաշխավոր, ռազմաքաղաքական ամրություն, համախմբված հանրություն, կայուն տնտեսություն, դաշնակիցներ և վստահություն վաղվա օրվա նկատմամբ։


 

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է