Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը (ՊՍԾ) հայտնել է Իրանի հետ սահմանին արձանագրված զինված միջադեպի մասին, որի ընթացքում սպանվել է սահմանը ապօրինի հատել փորձող անձանցից մեկը։
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ «Գյոյթեփե» սահմանապահ ջոկատի ծառայողները նկատել են սահմանախախտների շարժը Իրանի տարածքից դեպի Ադրբեջան։ Զորամասը անմիջապես տագնապով բարձրացվել է, տարածքը շրջափակվել, իսկ փախուստի դիմած անձանց կանգ առնելու հրաման է տրվել։ Հետապնդման ընթացքում արձակված նախազգուշական կրակոցներից հետո սահմանախախտներից մեկը զինված դիմադրություն է ցույց տվել և կրակ բացել սահմանապահների ուղղությամբ։
Սպառնալիքը չեզոքացնելու նպատակով սահմանապահները պատասխան զենք են կիրառել, ինչի հետևանքով կրակողը տեղում սպանվել է։ Միջադեպի վերաբերյալ սահմանապահ ներկայացուցչական կապուղիներով տեղեկացվել է իրանական կողմը։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այժմ Ադրբեջանի ՊՍԾ-ն և Զինվորական դատախազությունը համատեղ իրականացնում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական գործողություններ։