Ռուսաստանի Ազգային գվարդիայի (Ռոսգվարդիա) տնօրեն Վիկտոր Զոլոտովը Գրոզնիում տեղի ունեցած պաշտոնական արարողության ժամանակ Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովին է հանձնել բանակի գեներալի զինվորական կոչման ուսադիրներն ու կրապովի բերետը։ Այս մասին հայտնում է ռուսական ТАСС լրատվական գործակալությունը։
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ինձ հանձնարարված է այսօր ներկայացնել նրա հրամանագիրը՝ Ռուսաստանի հերոս, գեներալ-պոլկովնիկ Կադիրովին բանակի գեներալի հերթական բարձրագույն զինվորական կոչում շնորհելու մասին»,- ТАСС-ի փոխանցմամբ՝ արարողության ժամանակ հայտարարել է Զոլոտովը։
Ռոսգվարդիայի ղեկավարը նաև հավելել է, որ ի նշան հատուկ նշանակության ստորաբաժանումների և Ազգային գվարդիայի զորքերի զարգացման գործում ունեցած արժանիքների ճանաչման՝ որոշում է կայացվել Կադիրովին հանձնել նաև իրավապահ զորքերի կարևորագույն խորհրդանիշը՝ կրապովի բերետը։