Նիկոլ Փաշինյանը կառավարության ներկայացուցիչների հետ մասնակցել է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման պաշտոնական մեկնարկի արարողությանը՝ նախագիծը որակելով որպես կարևոր քայլ Հայաստանի հանքարդյունաբերության, ներդրումային միջավայրի և տնտեսության զարգացման համար։
Իր ելույթում նա ընդգծել է, որ ծրագրի տնտեսական օգուտները պետք է արտացոլվեն քաղաքացիների բարեկեցության վրա։ Անդրադառնալով բնապահպանական մտահոգություններին՝ նա նշել է, որ իր մասնակցությամբ տասնյակ քննարկումներ են անցկացվել տարբեր զեկույցների շուրջ, ինչը, նրա խոսքով, անհրաժեշտ էր նախագծի նկատմամբ վստահություն ձևավորելու համար։ Նա նաև շեշտել է, որ կառավարությունն այժմ ունի 12․5% բաժնեմաս նախագծում, ինչը ներկայացրել է որպես հանրային մասնակցության լրացուցիչ ձև, և հույս է հայտնել, որ Ամուլսարում կիրառվող տեխնոլոգիական չափանիշները կարող են տարածվել նաև այլ հանքարդյունաբերական ծրագրերի վրա։
Տարիներ շարունակ Ամուլսարի նախագծի դեմ կոշտ պայքար մղած և բնապահպանական ռիսկերը բարձրաձայնած քաղաքական թիմն այսօր ինքն է հանդիսավորությամբ ազդարարում հանքի շահագործումը․ իշխանափոխությունից հետո դիրքորոշման նման կտրուկ փոփոխությունը հերթական անգամ ի ցույց է տալիս քաղաքական անհետևողականությունն ու նախկինում հնչեցրած խոստումներից հրաժարվելու պրակտիկան։