Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ23 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականը համալրել է մեդալային հաշվարկը։
Կանանց 77 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացրել են Աննա Ամրոյանն ու Ալինա Սուքիասյանը։
Աննա Ամրոյանը պոկում վարժության առաջին անհաջող մոտեցումից հետո հաջորդաբար հաջողությամբ բարձրացրել է 98 կգ, ապա՝ 102 կգ ծանրաձողը՝ նվաճելով փոքր բրոնզե մեդալ։ Հրում վարժության առաջին մոտեցման ժամանակ Ամրոյանը ոտքի վնասվածք է ստացել, ինչի պատճառով ստիպված է եղել դադարեցնել հետագա պայքարը։ Ըստ ֆեդերացիայի տեղեկացման՝ մարզուհու վնասվածքը լուրջ բնույթ չի կրում։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ալինա Սուքիասյանը պոկում վարժությունում գրանցել է 101 կգ արդյունք՝ զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը։ Հրում վարժությունում նա հաջող է կատարել մեկ մոտեցում՝ բարձրացնելով 120 կգ (չի հաջողվել բարձրացնել 125 կգ-ը) և զբաղեցրել է 5-րդ տեղը։ Երկամարտի 221 կգ արդյունքով Սուքիասյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 4-րդ պատվավոր հորիզոնականը։