Եվրամիության խորհուրդն այսօր համաձայնություն է տվել հայաստանյան ապրանքների համար առևտրային ժամանակավոր ազատականացման միջոցառումներին՝ աջակցելու համար Հայաստանին Ռուսաստանի կողմից վերջերս մտցված սահմանափակումներից հետո:
Երևանին Բրյուսելի սպասվող աջակցության մասին «Ազատություն»-ը դեռ երեք ամիս առաջ էր հաղորդել, մեկ ամիս անց էլ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Երևանում ազդարարեց՝ Բրյուսելը մտադիր է Հայաստանի համար մաքսային արտոնյալ ռեժիմ սահմանել:
Ինչպես նշված է Խորհրդի պաշտոնական կայքէջում այսօր հրապարակված հաղորդագրությունում, այդ միջոցառումներն ազատականացնելու են Հայաստանից Եվրամիություն արտահանումների շուրջ 80 տոկոսը: Միաժամանակ, ըստ հաղորդագրության, այդ կարգավորումներն ուղեկցվում են որոշակի պայմաններով և միջոցառումներով՝ ուղղված Եվրամիության շուկայի պաշտպանությանը, եթե ներմուծումը բացասաբար ազդի ԵՄ արտադրողների վրա: