Երևան, Հայաստան    ☀️ 2°C    11.11.2026

ՀԷՑ-ը չի վաճառվում. Սամվել Կարապետյան

13.09.2026 23:40
ՀԷՑ-ը չի վաճառվում. Սամվել Կարապետյան

Թեև Հայաստանի կառավարությունն արդեն Հայաստանի էլեկտրական ցանցերը հանրային գերակա շահ ճանաչելու որոշման նախագիծ է հրապարակել, ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանն այսօր պնդեց, թե այն չի վաճառվում:

«Ազատության» հարցին, թե ի՞նչ գին է առաջարկել կառավարությանը, Կարապետյանը պատասխանեց. - «ՀԷՑ-ը չի վաճառվում: Եթե չեմ վաճառում, ի՞նչ գին»։

Ընդդիմադիր գործիչը մասնակցում էր իր դատավարությանը:

Լրագրողների հետ ճեպազրույցում պնդեց. «ՀԷՑ-ի մասով մի անհանգստացեք, ՀԷՑ-ը կվերադառնա իր օրինական տիրոջը: Իրենք էլ ոչ մի բան չեն կարողանալու անել: Իրենք արդեն հասկացել են, որ չեն կարողանա կառավարել ՀԷՑ-ը»:

Նախօրեին Տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանն «Ազատությանն» ասել էր, որ ՀԷՑ-ի շուկայական արժեքը տեղական ընկերություն է գնահատելու:

ՀԷՑ-ը գերակա շահ ճանաչելու որոշման նախագծում փոխհատուցման չափի մասին խոսք չկա: Միայն նշված է, որ գերակա շահ ճանաչելու որոշումը հաջորդել է սեփականատերերի կողմից կառավարության ներկայացրած գնառաջարկը մերժելու փաստին:

Կիսվել այս նյութով Հղումը պատճենված է